ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ

##article.authors##

  • ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i69.170

Հիմնաբառեր-:

գյուղական կյանք, գեղարվեստական հնարք, հայրենի գյուղ, ներքին հանգ, իրական կյանք, բանաստեղծ, գյուղ, բնություն, մղձավանջ, կոնֆլիկտ

Վերացական

Հ. Թումանյանի ստեղծագործական աշխարհն առանձնանում է իր անկրկնելի ինքնատիպությամբ ու ներդաշնակությամբ, ինչն առաջին հերթին բացատրվում է բանաստեղծի աշխարհաճանաչողությամբ և հայրենի եզերքի ու մարդկանց նկատմամբ ունեցած անսասան սիրով և հավատով: Այն բացառիկ ներդաշնակ և ամրակուռ կառույց է՝ իրական կյանքի գույներն  արտացոլող հաստատուն և ակնհայտ խորհրդանշաններով: Ուստի պատահական չէ, որ նրա թողած գրական հարուստ ժառանգությունը մարմնավորում է հարազատ հայրենիքի անցյալն ու ներկան, գեղարվեստական լավագույն ավանդույթները՝ վերստին հավաստելով, որ ճշմարիտ գրականությունը լիարժեքորեն պետք է արտացոլի ժողովրդի մտքի և հոգու ծնունդ դարավոր զրույցներն ու սովորույթները: Իրական կյանքից ընտրողաբար վերցված սյուժեներն ու դրվագները գեղարվեստորեն ներկայացնելով ու մեկաբանելով՝ նա այդ ամենն իմաստավորում է առաջին հերթին բարոյական հարթության վրա:

        Գեղարվեստական ստեղծագործության նյութ դարձնելով գյուղաշխարհի մարդկանց՝  իրենց ամենօրյա հույզերով, հույսերով ու ապրումներով, Թումանյանը բացարձակապես գյուղագիր չդարձավ, չնայած ժամանակին գրական աշխարհում առանձին գրչակներ անհարկի կարծիքներ էին հնչեցնում, թե Թումանյանն իդեալականացնում է գյուղական իրականությունը՝ փորձելով ստվեր գցել նրա ստեղծագործությունների վրա: Անտեսելով իրականության հետ աղերս չունեցող անհիմն տեսակետներրը, երբեմն էլ դրանց համարժեք պատասխաններ տալով՝ նա շարունակեց աներեր կանգնած մնալ ազգային մեծ բանաստեղծի բարձունքին` համարձակորեն ձեռնոց նետելով իրականությանը: Գյուղաշխարհի կյանքի բարոյական նկարագիրը հանրության դատին հանձնելուն զուգահեռ` բանաստեղծը ճշմարտացիորեն ներկայացնում է մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Նա թեև կատարվող դեպքերի մասնակիցը չէ, սակայն իր պատումին համոզչականություն հաղորդելու նպատակով գեղարվեստական նուրբ հնարք է կիրառում, և  պատկերված աշխարհով գերված ընթերցողը ներքուստ անվերջ զգում է հեղինակի բացակա-ներկայությունը: Նա կենսական փաստը վերլուծում է տվյալ պահի սոցիալական խնդիրների և բարոյական արժեքների տեսակետից՝ գեղարվեստական բացառիկ մտածողությամբ ներկայացնելով կյանքն ինչպես որ կա: Հ. Թամրազյանը ճիշտ է նկատել. «Մարդը նրա երկերում, առօրյա ցավերի ու մաքառումների մեջ ապրող սովորական մարդը, հաճախ, շատ հաճախ է վառվում գերերկրային ապրումներով, հոգեկան հրդեհներով» (Թամրազյան Հ., 1995):

       Թե «Գութանի երգի» հողագործի, թե՛ պապերի քեֆին ականատես երեխաների /«Հին օրհնություն»/, թե՛ իր ու ժողովրդի դարդից և ցավից հառաչանքով խոսող կյանքի փորձ ունեցող ծերունու /«Հառաչանք»/, թե՛ Անուշի /«Անուշ»/, Մարոյի /«Մարոն»/ և Գիքորի /«Գիքորը»/ ընտանիքները տնտեսական նույն վիճակում են, ծայրահեղ աղքատությունը նրանց կյանքի անբաժան ուղեկիցն է: Ուշագրավ է, որ բանաստեղծի ներկայացրած ճակատագրով դատապարտված հերոսների կործանման հանգամանքները բացարձակապես միանման չեն, իսկ դրդապատճառը գրեթե նույնն է` հետամնաց ու խավարի թագավորությունում խարխափող միջավայրը: Այս տեսակետից միանգամայն իրավացի է Դ. Դեմիրճյանը, երբ գրում է՝ «Հ. Թումանյանը գյուղի կամ ժողովրդական բանաստեղծ չէ, որովհետև, ճիշտ է, նա նյութը վերցնում է գավառից, բայց տալիս է համամարդկային գաղափարներ: Նա գուցեավելի ազգային բանստեղծ է, իրոք, այդպես էլ է. Նա մեր ազգի ապրումների անդրադարձումն է» (Դեմիրճյան Դ., 1919): Ի դեպ,  գրական հերոսներից շատերն իրական անձնավորություններ են`«Գիքորը» /1895թ./, «Մարոն» /1887թ./, «Լոռեցի Սաքոն» /1889թ./ և «Հառաչանք» /1890թ./ ստեղծագործություններն իր տեսած և լսած իրական դեպքերի հիման վրա են գրվել:

Հղումներ

Demirchyan D. (1919), «Mshak» /"Mshak"/, vol. 60

Tamrazyan H., (1995), Hovhannes T'owmanyan banasteghc'y' & mtac'oghy' /Hovhannes Tumanyan the poet and the thinker/, Yerevan, "Nairi" edition.

Tumanyan, Hovh. (1978), Y'ntir erker /Selected Works/, Yerevan, "Soviet Writer" edition.

Isahakyan A. (1910), «Horizon» /“Horizon՛՛/, N 19.

Hakhverdyan L. (1966), T'owmanyani ashxarhy' /Tumanyan's world/, Yerevan, “Armenia” edition.

Mkryan M. (1981), Hovhannes T'owmanyani steghc'agorc'owt'yowny' /The work of Hovhannes Tumanyan/, Yerevan, "Soviet Writer" edition.

##submission.downloads##

Հրապարակված

2025-09-13