ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԼՈԻԾԱԿԱՆ-ՀԱՄԱԴՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.240Հիմնաբառեր-:
դարձվածք, վերլուծական-համադրական մտածողություն, տարրական դպրոց, կրտսեր դպրոցական, դարձվածքների ուսումնասիրման մեթոդիկա, մայրենիի դասագրքերՎերացական
Դարձվածաբանությունը լեզվի այն բաժինն է, որն ուսումնասիրում է դարձվածքները, լեզվի դարձվածքների հարստությունը, դարձվածային համակարգը ժամանակակից վիճակում և պատմական զարգացման մեջ: Դարձվածաբանությունը, մյուս կողմից, լեզվում առկա դարձվածքների ամբողջությունն է:
Դարձվածքների` որպես լեզվի ինքնուրույն իմաստային միավորների ուսումնասիրությունը հայ լեզվաբանության մեջ ուշադրության արժանացել է 30-ական թվականներից սկսած` Մ. Աբեղյանի կողմից:
Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքների վերաբերյալ: Որոշ մասնագետներ դարձվածբանության մեջ ընգրկում են բոլոր կայուն կապակցությունները, ուրիշները սահմանափակվում են բառակապակցությունների որոշակի խմբով:
Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, ոմանք անգամ` բոլոր հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակազմական տերմինները, և այլն, մյուսները` դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և հաճախ դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները (իդիոմները):
Դարձվածքը կառուցվածով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որ խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր:
Դարձվածքի մեջ առաջին հերթին առկա են փոխաբերականությունն ու պատկերավորությունը: Որպես լեզվի իմաստային ինքնուրույն միավոր` դարձվածքը օժտված է բառային բոլոր հատկանիշներով` բառային իմաստով, քերականական ձևավորվածությամբ ու կարգերով:
Դարձվածքների զգալի մասը հարադրական բարդություններին նույնանում է նրանով, որ դարձվածքը հիմնականում նույնպես ունի մեկ բառի արժեք, կազմված է մեկից ավելի բաղադրիչ բառերից, որոնք պահպանում են իրենց բառային շեշտը: Տարբերությունն այն է, սակայն, որ դարձվածքը ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի, պատկերավոր արտահայտություն է, նրա դարձվածքային իմաստը չի բխում դարձվածքը կազմող բառերի բառային առանձին իմաստներից (Սուքիասյան Ա., 1999):
Դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից հայերեն դարձվածքները բաժանվում են չորս խմբի` դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն:
Ինչպես հայտնի է, տարրական դպրոցի մայրենիի դասագրքերի միջոցով լուծվում են կրտսեր դպրոցականի կրթադաստիարակչական ոլորտի ամենատարբեր խնդիրներ, որին նպաստում են ոչ միայն դասագրքերում զետեղված գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծությունը բացատրական ընթերցանության մեթոդով, այլև մեթոդական կառույցի հիմնական և օժանդակ բաղադրիչները: Այս համալիրում իրենց ուրույն դերն ունեն դարձվածքները: Մեր թեմայի շրջանակում մեր առջև խնդիր դրեցինք ուսումնասիրել տարրական դասարանների մայրենիի դասագրքերում գործածված դարձվածքները և նրանց ուսումնասիրման մեթոդիկայի ինքնատիպությունը: Մենք դիտարկեցինք դրանք՝ որպես աշակերտների վելուծական-համադրական մտածողության զարգացման գործոն։ Այդ նպատակով ուսումնասիրեցինք և առանձնացրինք «Մայրենի 2», (Սարգսյան Վ. և ուրիշներ, 2023), «Մայրենի 3» (Բալայան Ա., Չիբուխչյան Կ., 2024), «Մայրենի 4» (Բալայան Ա., Չիբուխչյան Կ., 2025) դասագրքերում զետեղված ստեղծագործություններում գործածված դարձվածքները։ Արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ հայ հեղինակների ստեղծագործություններում դրանք շատ են և ունեն բազմիմաստ արժեքներ։ Ընդ որում, դա միայն պայմանավորված չէ թեմաների քանակով: Հայ հեղինակների ստեղծագործություններում դարձվածքներների միջոցով ներկայացվում են հայ ժողովրդի կենցաղը, մտածելակերպը, սովորությունները, հոգեկերտվածքը, իսկ դարձվածքները հատուկ են ժողովրդական մտածողությանը: Պատահական չէ, որ դարձվածքների մեծ պաշար կա հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի աշխարհայացքը, հոգեկերտվածքը, սովորույթները:
Այսպիսով` տարրական դասարանների մայրենիի դասագրքերը ուսումնասիրելիս բացահայտեցինք, որ դրանցում զետեղված ստեղծագործություններում առկա են բազմաթիվ դարձվածքներ, որոնց բովանդակությունն ու խորհուրդը մեծապես պայմանավորված են կարդացած նյութի գաղափարով, ենթատեքստով, հետևաբար դրանց իմաստների քննարկումը կնպաստի կարդացածի ընկալմանը, գաղափարի բացահայտմանն ու մտապահմանը։ Այսինքն` մայրենիի դասերի «բառային աշխատանք» բաղադրիչի իրականացման ընթացքում պիտի քննարկել նաև ստեղծագործությունների մեջ գործածված դարձվածքները։
Հղումներ
REFERENCES
Balayan A., Chibukhchyan K. (2024), Mayreni 3 /Mother Tongue 3/, Textbook for the 3rd Grade of General Education School, Yerevan, “Zangak” press.
Balayan A., Chibukhchyan K. (2025), Mayreni 4 /Mother Tongue 4/, Textbook for the 4th Grade of General Education School, Yerevan, “Zangak” press.
Gyulamiryan J. (2018), Mayrenii owsowcman met'odika /Methods of Teaching the Mother Tongue/, Yerevan, “Zangak” press.
Sargsyan V., Jilavyan Ye., Galstyan K., Khachatryan H., Grigoryan S., Sarukhanyan N. (2023), Mayreni 2 /Mother Tongue 2/, Textbook for the 2nd Grade of General Education School, Yerevan, “Ofset” press.
Sukiasyan A. (1999), Jhamanakakic hayoc lezow /Modern Armenian Language/, Yerevan, Yerevan University press.
Makarova M. (2011), Uprazhneniya s frazeologizmami-odin iz putey razvitiya analitiko-sinteticheskogo myshleniya shkol'nikov, Nachal'naya shkola N° 11 /Exercises with Phraseological Units as One of the Ways to Develop Analytical-Synthetic Thinking in Schoolchildren, Primary School No. 11/, Monthly scientific and methodological journal, Moscow, Porkovsky Boulevard press.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Meline Avagyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.